Քաղաքագետ. Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են ճեղքել Մեղրիի միջանցքը
Ռազմական հետախուզության և հայկական անօդաչուների տվյալներով այս պահին Նախիջևանում են գտնվում Իսլամական պետության գրեթե հազար գրոհայիններ: Ավելին, Թուրքիան մեծ քանակությամբ զորքեր է կենտրոնացրել Նախիջևանի հետ սահմանին: Ադրբեջանն էլ հարձակողական զինատեսակներ է կենտրոնացրել հարավային՝ Մեղրիի միջանցքի ուղղությամբ: Չի բացառվում, որ ռազմական գործողության նպատակը Մեղրիի միջանցքի ճեղքումն է՝ Նախիջևանից դեպի Ադրբեջան: Այժմ Նախիջևանը Ադրբեջանի էքսկլավն է, որ նրա հետ ընդհանուր սահման չունի: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Կարինե Գևորգյանը:
Փորձագետի խոսքով, հաջորդ սադրանքը կարող է լինել ոչ թե Ղարաբաղում՝ այնտեղ կշարունակվեն կրակոցները, որպես շեղող գործողություն, այլ Մեղրիի միջանցքում, որտեղ էլ կարող են իրական հարված հասցնել, փոխանցում է ridus.ru(link is external) կայքը:
Ինչ վերաբերվում է կանխատեսումներին, ապա ըստ նրա, իրավիճակը շարունակում է մնալ լարված: Նախորդ շաբաթ տեղի ունեցածը ոչ թե պատերազմ էր, այլ դրա նախապատրաստությունը: «Մենք պետք է հասկանանք, որ այդպես պատերազմ ոչ ոք չի սկսում, այլ դա ավելի շատ նման է հետախուզական մարտի: Ցանկացած էսկալացիա հանգեցնում է Ադրբեջանի ու ՀՀ-ի ապակայունացմանը»,-նշել է նա:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:
Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 66 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:
