Քաղաքապետի միակ թեկնածուն հանրապետական է
Հունվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետ դառնալու համար միայն մեկ թեկնածու է առաջադրվել՝ ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը։ Մյուս թեկնածուն՝ անկուսակցական Ալեքսան Սիմոնյանը, ինքնաբացարկ է հայտնել։ Վերջինս ՀԷՑ ՓԲԸ Արաքս մասնաճյուղի Վայքի ՀԷԿ ավագ վարպետն է։
Կառավարությունը ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել է 2,242,480.0 դրամ, ոստիկանությանը՝ 535,422.4 դրամ։
Հիշեցնենք,որ անցյալ տարվա նոյեմբերի 6-ին Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ։ Իսկ Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը նշանակվեց Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։
Իսկ հունվարի 4-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղական համայնքում տեղի ունեցած ավագանու անդամների արտահերթ ընտրության ժամանակ առաջադրված 7 թեկնածուներից 6-ը հանրապետական են եղել, միայն Գագիկ Հարությունյանն է անկուսակցական։ Վերջինս ստացել է ամենաքիչ ձայները՝ 29 քվե։
Ավագանու հանրապետական թեկնածուներից Դորիկ Այդինյանը ստացել է 76, Սաշա Ադամյանը 72, Հրայր Ադամյանը 57, Վարդան Ադամյանը 54, Վիտալի Բալաբեկյան 45, Խաժակ Ուլիխանյան 32 քվե։
Ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին հատկացվել է 1 մլրդ դրամ։
