Քաղաքապետն ինքն իրեն գազալցակայան կառուցելու թույլտվություն է տվել
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի եղբայրը` Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, Արթիկում բազմաբնակարան շենքերի եւ սեփական տների հարեւանությամբ գազալցակայան է կառուցում:
Վարագյանը գազալցակայանը կառուցում է Արթիկի Իսահակյան 20 հասցեում: Իսահակյան 19 հասցեի շենքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ Խ.Վարագյանը այդ տարածքը տարիներ առաջ է ձեռք բերել՝ աճուրդով: «Իսահակյան 20 հասցեում գտնվող այդ շենքը տարիներ առաջ փլվել է, Վարագյանը, մինչ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելը՝ 2003թ.-ին, այդ տարածքը աճուրդով ձեռք է բերել եւ երկար տարիներ այն գտնվել է կիսաքանդված, կիսակառույց վիճակում: 2014թ.-ից, սակայն, այդտեղ սկսվեց շինարարությունը: Մենք (բնակիչներս) դիմել ենք Արթիկի քաղաքապետարան, դիմել ենք այլ պետական մարմիններին, բայց որեւէ բան չի փոխվել ու շինարարությունը շարունակվել է: Բնակիչներով փորձել ենք ստորագրահավաք կազմակերպել, բայց նրանցից շատերը չեն մասնակցել՝ հաշվի առնելով Վարագյանի հետ խնամիական-բարեկամական կապերը, իսկ մյուսներն էլ չեն մասնակցել՝ վախենալով իրենից ու իր ազդեցիկ եղբորից (խոսքը Մխիթար Վարագյանի մասին է,-հեղ.)»,- մեր զրույցում պատմեց բնակիչը: Նրա խոսքով, կառուցվող գազալցակայանը գտնվում է բազմաբնակարան շենքերից եւ սեփական տներից 10մ հեռավորության վրա, ինչը սահմանված նորմերի խախտում է. «Մեր շենքը համարվում է 3-րդ աստիճանի վթարային շենք: Դիմում ենք քաղաքապետարան, ասում ենք՝ այդ գազալցակայանը իրավունք չունի գտնվել մեր շենքին այդքան մոտ, դա խախտում է, քաղաքապետարանից պատասխանում են, թե այդ հարցը իրենց լիազորությունների մեջ չի մտնում: Ու այ սենց այս հարցը մնաց օդում կախված: Հիմա փաստի առաջ ենք կանգնել, հատկապես՝ լցակայաններում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո: Շենքը վթարային է, եւ հնարավոր է ավելի վտանգավոր դառնա»,- հավելեց մեր զրուցակիցը:
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը երեկ մեր զրույցում ասաց, որ այդ տարածքում գազալցակայան կառուցելու շինթույլտվություն տրվել է նախկին քաղաքապետի՝ Խաչատուր Վարագյանի կողմից: «Այնուհետեւ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ցանկը թերի է, իմ պահանջով այդ շինարարությունը կասեցվել էր փաստաթղթերի ցանկը համալրելու համար: Մինչեւ կհամալրվեր իրենց փաստաթղթերի ցանկը, հետագայում կառավարությունից ստացանք գրություն՝ ձեռնպահ մնալ գազալցակայանների նոր շինթույլտվություններ տրամադրելուց՝ կապված հանրապետությունում գազի մուտքի ծավալների եւ այլնի հետ: Հիմա առայժմ նոր շինթույլտվություն չունեմ, իրենց նախկին շինթույլտվությունը մնում է դեռեւս կասեցման մեջ: Շինարարություն չի ընթանում եւ սառեցված վիճակում մնում է»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց քաղաքապետը: Ճշտող հարցին, այսինքն՝ գազալցակայանը չի՞ կառուցվի, պատասխանեց. «Ինքը (Վարագյանի մասին է խոսքը) ունի իրեն հատկացված հողատարածք: Եթե իր կողմից ներկայացվեն համապատասխան բոլոր փաստաթղթերը, որ այդ տարածքում գազալցակայան կառուցելը թույլատրելի է, այն ժամանակ ես կտեսնեմ՝ կարելի՞ է այդտեղ գազալցակայան կառուցել, թե ոչ: Բայց հիմա, եթե ինքը էլի բոլոր փաստաթղթերը ներկայացնի, կա կառավարության գրություն, որ ես պետք է ձեռնպահ մնամ շինթույլտվություն տալուց»:
Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանն էլ մեր զրույցում ասաց, թե ոչ մի նորմերի խախտում չկա եւ բողոքողները իրենց պատասխանը ստացել են տարբեր պետական կառույցներից: «Շենքը վթարային չէ, սեյսմիկ եզրակացությունը կա, Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությունը կա, բոլոր փաստաթղթերը կան»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Վարագյանը: Հարցին, թե այս պահին շարունակվո՞ւմ են շինաշխատանքները, նախկին քաղաքապետնն ասաց՝ առայժմ ոչ: Հարցին, թե ինչո՞ւ չեն շարունակվում, պատասխանեց. «Գումարի հետ կապված խնդիրներ կան, բայց շարունակվելու են, եւ նորից եմ կրկնում՝ փաստաթղթերի հետ կապված որեւէ խնդիր չկա, նորմերի ոչ մի խնդիր չունի»: Մեր մյուս հարցին, թե ո՞վ է թույլատրել այդ տարածքում գազալցակայան կառուցել, Վարագյանը պատասխանեց. «Թույլատվությունը ո՞վ պետք ա տա՝ ովքեր որ թույլատվություն են տալիս, բոլոր գերատեսչությունները»: Մեր դիտարկմանը, որ՝ դուք ինքներդ ձեզ եք թույլատրել գազալցակայան կառուցել, նախկին քաղաքապետն ասաց. «Հարազատս, ես եմ ինձ թույլատրել ու շատ ճիշտ եմ արել, որովհետեւ Քաղաքաշինության նախարարության թույլտվությունը եղել է, բոլոր տեսակի թույլտվությունները եղել են: Ես իրավունք չունեի՞ թույլ տալու: Ես էլ ձեզ բան չունեմ ասելու»,- եզրափակեց Խաչատուր Վարագյանը: Նշենք, որ նա Արթիկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2008թ.-ից մինչեւ 2012-ը: Այժմ նա «Գազպրոմ Արմենիայի» Արթիկի մասնաճյուղի տնօրենն է:
մանրամասները`armintes.com-ում:
