Քաղաքավարի լեզուն Բաքվի համար անհասկանալի է.Էդվարդ Նալբանդյան
Բաքվից հնչող հայտարարությունները կրկին հաստատում են. քաղաքավարի լեզուն Բաքվի համար անհասկանալի է: Այս մասին դեկտեմբերի 12-ին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ Բաքվի հերթական ռազմատենչ հայտարարությունները պետք է դիտարկել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ամսվա սկզբին Բազելում ՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ լուծում գտնելու, հրադադարի համաձայնագրի եւ միջնորդների դիրքորոշման վերաբերյալ ընդունված հայտարարության եւ կոչի պատասխան, որը բացառում է հարցի լուծման ռազմական ուղին:
«Բազելում լրագրողների հետ զրույցում ես հայտարարեցի, որ քաղաքավարի լեզուն Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում: Այս նոր հայտարարությունները եւ շփման գոտում սրացումները վերստին հաստատում են, որ այդ լեզուն անհասկանալի է Բաքվի համար, եւ համանախագահները պետք է համապատասխան եզրահանգում կատարեն», - նշել է նախարարը
