ՔԿ-ն խնդրում է արձագանքել նրանց, ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին (Լուսանկարներ)
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գեղեցկության սրահից 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի կայքէջից:
2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 10:15-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 25 հասցեում գտնվող գեղեցկության սրահի գանձապահի սեղանի վրայից գաղտնի հափշտակվել է 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում առգրավվել են տվյալ գեղեցկության սրահի տեսանկարահանող սարքի՝ գործի համար նշանակություն ունեցող ժամանակահատվածի տեսագրությունները:
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում ՝պարզելու տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը, ում լուսանկարները ներկայացված են կից։
ՀՀ քննչական կոմիտեից խնդրում են բոլոր նրանց, ովքեր ճանաչում են պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:
