Քննիչն ու դատախազը պետք է բացատրեն, թե ինչո՞վ է պայամանավորված...
«Նախաքննության ընթացքում մինչև օրս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ինչպես նաև չեն հարցաքննվել գործին անմիջական առնչություն ունեցող պաշտոնատար անձինք: Քննիչը և դատախազը պետք է բացատրեն, թե ինչո՞վ է պայմանավորված այս 7 ամսվա անգործությունը: Միգուեց այսօր հայտնեն, որ մեղադրանք է առաջադրվել որևէ անձի, ինչպես նաև տրամադրեն գործի նյութերը»,- Fnews.am-ի հետ զրույցումասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանի խոսքով՝ այն հանգամանքը, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը շարունակում է պաշտոնավարել, կարող է խոչընդոտել գործի օբյեկտիվ քննությանը:
«Ֆ. Բերիկյանը 3 անգամ եղել է դպրոցում և որևէ խախտում չի նկատել, թեև մեր հետ զրույցում գիշերօթիկի աշխատակիցները պատմել են, որ դպրոցում տեսել են միայն մոտ 30 աշխատակիցների, սակայն աշխատավարձ դուրս է գրվել ավելի քան 70 հոգու համար: Եվ խոսքը միայն այդ դպրոցը չէ, մեր բյուջեի զգալի մասը այդ նախարարության միջոցով հատկացվում է նման դպրոցներին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել նաև այդ դպրոցի ուսուցիչների կողմից երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում էր.
«Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:
Տաթեւիկ Աբրահամյան
