Քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Քանաքեռցի Տույի դատական նիստը.VIDEO
Օգոստոսի 10-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Քանաքեռցի Տույ մականվամբ Արթուր Ղազարյանի դատաքննությունը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը նախագահում էր դատավոր Մեսրոպ Մակյանը, մեղադրանքի կողմը ներկայացնում էր Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատախազը: Մինչ դատական նիստը սկսվելը, դատարանում ուժեղացված ծառայություն էին կատարում նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման կարգադրիչները` ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ կարգադրիչներին օգնում էին նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի աշխատակիցները` գումարտակի պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:
Դատական նիստի ժամանակ Քանաքեռցի Տույի` Ա. Ղազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի անցկացվի արագացված դատաքննություն: Եթե նախկինում դատախազը առարկել էր նշված միջնորդությանը, ապա երեկվա դատական նիստում նա չառարկեց: Դատավոր Մ. Մակյանը բավարարեց միջնորդությունը, որից հետո որոշվեց դատական նիստը հետաձգել: Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ երեկ դատական նիստում Քանաքեռցի Տույը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, մինչդեռ երեկվա նիստին միայն դատախազն է ելույթ ունեցել և ներկայացրել թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ա. Ղազարյանին, իսկ նրա փաստաբանը դատարան է ներկայացրել մի շարք տեղեկություններ, որով հաստատվում է , որ Ա. Ղազարյանը բազմաթիվ բարեգործական աշխատանքների հեղինակ է, ինչը ոչ մի անգամ չի բարձրաձայնվել: Եթե դատական այդ նիստը չլիներ, նույնպես չէր իմացվի այդ աշխատանքների մասին, հետևաբար, եթե երեկվա նիստին ելույթ չի ունեցել Ա. Ղազարյանը, ապա ով կարող է ասել, որ նա ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Նրանք միայն առաջարկել են, որպեսզի դատարանը կատարի արագացված դատաքննություն: Օգոստոսի 17-ին պարզ կլինի` Քանաքեռցի Տույը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, թե` ոչ: Նոր այդ ժամանակ, չի բացառվում, որ նա ընդունի:
Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի Քննչական կոմիտեի Երևանի կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի` Արթուր Ղազարյանը ապօրինի կերպով ձեռք էր բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում: Ա.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Գործն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
