Քրեական գործ՝ զինվորի մահվան փաստով
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական տվյալներով, երեկ ժամը 16։00-ի սահմաններում, պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, «կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը»։
«Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում:
Կոմիտեն նշում է, որ կատարվել է դեպքի վայրի, Մարտիրոսյանի դիակի արտաքին զննումներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար», - ասված է հաղորդագրությունում։
