Քրեական ռեզերվն ակտիվանում է, եւ նախապատրաստվում...
hraparak.am-ը գրում է.Հանրապետական կուսակցությունը դեռ չի սկսել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի բացահայտ քարոզչությունը, բայց նախընտրական աժիոտաժն արդեն սկսվել է: Կենտրոնական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, որոշ տեղեկություններով, հանդիպումներ է անցկացնում մարզպետների հետ՝ հասկանալու համար, թե ում նշանակեն ընտրատեղամասերի պատասխանատուներ, մարզային շտաբների ղեկավարներ: Ամենայն հավանականությամբ, մարզպետները կղեկավարեն մարզային շտաբները, իսկ քաղաքապետերից շատերն էլ ընտրատեղամասերի պատասխանատուն կլինեն: Կան մարզեր, որտեղ վարչապետի խոսքն օդում կատարել են, օրինակ՝ նրա խնամի Գագիկ Ծառուկյանի փեսայի ղեկավարած Կոտայքի մարզում: Դեռեւս քարոզարշավի պատասխանատու չի նշանակվել, բայց դա կիրականացվի նախագահականից: Իսկ հիմա մարզային իշխանիկները մոբիլիզացիայի գործընթացի մեջ են, գիշերային հավաքներ են կայանում գրեթե բոլոր մարզերում ու քննարկում «այո» հավաքելու տարբերակները:
Ամենաակտիվը Սյունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզպետներն են, որոնք նաեւ քրեական ռեզերվի հետ են պարապմունքներ սկսել, դպրոցների տնօրեններին բերման են ենթարկում, որպեսզի հնարավոր լինի «այո»-ի գործընթացը պատվով հաղթահարել՝ դրա իրագործմանը ծառայեցնելով ոչ միայն վարչական լծակները, այլեւ դրանց վերահսկողության տակ գտնվող կառույցները։ Իսկ մարզային ոստիկաններն էլ ընտրացուցակների մաքրման ու համալրման գործով են զբաղված։ Մի խոսքով՝ այժմ երկրում պետական ու քաղաքական բոլոր ապարատների բանուգործը սահմանադրական հանրաքվեի համար տարվող աշխատանքներն են:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ստեղծված իրավիճակը քաղաքական եւ իրավական տեսանկյունից գնահատելով, ասում է. «Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք կարող են, օրենքով իրավունք ունեն քարոզչությամբ զբաղվել, բայց չի խրախուսվում աշխատանքային ժամերին դա իրականացնելը կամ աշխատանքի փոխարեն դա իրականացնելը, կամ համատեղելը, որովհետեւ պետական ռեսուրսները, պետական խորհրդանիշները, պետական հզորությունը նույնականացվում են այդ անձանց հետ: Դա անազնիվ, անարդար մրցակցություն է այն մարդկանց հետ, ովքեր այդ պաշտոնը չեն զբաղեցնում: Առավել եւս՝ շարունակել պաշտոնավարել եւ ունենալ կառավարչական, կազմակերպչական գործառույթներ, այսինքն՝ շտաբի պետ լինել, դա արդեն անհամատեղելի է»։ Արտակ Զեյնալյանը նկատում է, որ այս պարագայում անխուսափելի է լինելու պետական ռեսուրսները մասնավոր շահերին ծառայեցնելը:
Հանրաքվեի կենտրոնական շտաբից թեպետ հանձնարարականներ չեն ստացել, բայց Կոտայքում արդեն ձեւավորել են մարզային կենտրոնական շտաբը եւ ընտրական տեղամասերը, ակտիվ քարոզչությունն էլ սկսվելու է նոյեմբերի 1-ից։ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն արդեն նշանակվել է իր ղեկավարած քաղաքի տարածքային շտաբի պետ։ Երեկ նա անկեղծացավ, որ քաղաքապետի աշխատանքին զուգահեռ է քարոզչական աշխատանքներ վարելու։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
մանրամասները՝hraparak.am-ում:
