Քվորումը չապահովվեց. ԱԺ արտահերթ նստաշրջանը չկայացավ
«Երեք ժամվա ընթացքում արտահերթ նստաշրջան գումարելու համար անհրաժեշտ քվորում չապահովվեց, ուստի ստիպված եմ արտահերթ նստաշրջանը հայտարարել չկայացած»,-քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամների նախաձեռնությամբ, այսօր` ժամը 18.30-ին, հրավիրվել էր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները դատապարտող ԱԺ հայտարարություն ընդունելու նպատակով:
Նիստին գրանցվեց ընդամենը 43 պատգամավոր, մինչդեռ նիստը սկսելու համար անհրաժեշտ էր, որպեսզի գրանցվեին առնվազն 66-ը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, գրանցումը շարունակվեց և երեք ժամվա ընթացքում քվորումն այդպես էլ չապահովվեց: Նիստը բոյկոտեց ՀՀԿ-ն:
Հայտարարության նախագծի հեղինակները, մասնավորապես, իրավապահ մարմիններից պահանջում են «ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար», նաև՝ «բռնության կոչերի և դատապարտելի հայտարությունների համար անհապաղ պաշտոնանկ անել Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին»։
