«Ռեալպոլիտիկը մի օր խփելու է նրանց քթին, ովքեր հեգնում են»
ԱԺ դահլիճում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկումը պատգամավորներին բաժանեց խմբերի: Սա ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի դիտարկումն էր: Ըստ նրա` բոլորն էլ իրենց հոգու խորքում կողմ են ԵՏՄ պայմանագրին միանալուն, եւ միայն հատուկենտ քաղաքական գործիչներն են, որոնք ինչ-ինչ պատճառներով եւ նաեւ` հարգելով իրենց անցած ուղին, դեմ են լինելու պայմանագրին:
Նա նշեց, որ հասկանում է նաեւ այն երիտասարդներին, որոնք ԱԺ մոտ բողոքում են ԵՏՄ-ի դեմ. «Ուզում եմ ասել, որ ԵՏՄ պայմանագրին միանալով` մենք ազատություն չենք կորցնում: Չպետք է մոռանալ, որ մեր տնտեսության 47 տոկոսը կախված է ՌԴ-ից, սրա մասին չմոռանանք: Բացի այդ, այս մոլորակի վրա որեւէ բան բացարձակ անկախ չի լինում: ԵՏՄ-ն մեզ տալու է մեծ ու ազատ շուկա, աշխատատեղեր: Մենք էլ մեր հերթին բավականին բան ունենք տալու: Մենք ոչ միայն պետք է վերցնենք, այլեւ պետք է տանք: Ճիշտ, արժանապատիվ կեցվածքի դեպքում մենք շատ ավելի մեծ օգուտներ կարող ենք ունենալ, քան կարող են պատկերացնել ոմանք»:
Տիկին Եսայանը խոսեց նաեւ ԵՄ անդամակցության մասին` նշելով, որ այն եւս ռեալ էր մի պահ. «Սակայն նույնիսկ այդ քննարկումներին, վստահ եմ, այս դահլիճում դեմ արտահայտվողներ կլինեն: Մենք այս պայմանագրով կոչ ենք անում նայել առաջ: Իսկ ռեալպոլիտիկը մի օր խփելու է նրանց քթին, ովքեր հեգնում են այն»:
