Ռեստորանում թունավորվողները հարսանիքի էին մասնակցում. Նրանց վիճակը լավ է, բոլորը դուրս են գրվել
Ինչպես հայտնում է news.am-ը՝
«Հատիսի լանջին» ռեստորանից սուր թունավորմամբ տարբեր հիվանդանոցներ տեղափոխված մոտ 30 հոգին արդեն դուրս են գրվել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ էին տեղափոխվել 19 հոգի, որոնցից 5 երեխա, բոլորն էլ համապատասխան բուժօգնություն են ստացել եւ արդեն դուրս գրվել:
Իսկ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվել էին 8 հոգի, որոնց շարքում եւս երեխա կար: Նրանց վիճակը եւս լավ էր, արդեն դուրս են գրվել:
Մեզ հաջողվեց պարզել, որ քաղաքացիները ռեստորանում մասնակցում էին հարսանյաց արարողության, եւ հենց միջոցառման ժամանակ նրանց ինքնազգացոզությունը սկսեց վատանել, թուլություն, սրտխանռոց նկատեցին, դիմեցին հիվանդանոցներ: Նրանք նշում էին, որ հավանաբար թունավորվել են հավի աղցանից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 1-ին ` ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, քաղաքացիների (10-ից ավել) ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները մի քանիսին հոսպիտալացրել են հիվանդանոց: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսաբորիչ» ԲԿ է հոսպիտալացվել 18 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Նրանցից 5-ը երեխաներ են՝ 6-12 տարեկան։
Նույն վայրից «Նորք» ինֆեկցիոն ԲԿ է հոսպիտալացվել 11 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 7-ինը ` միջին ծանրության: Նրանցից մեկը նույնպես երեխա է։
