Ռուբեն Հայրապետյանը Սամվել Ալեքսանյանի նման պատրաստվում է իր թեկնածությունը դնել ընտրություններին
Արմենիա հեռուստաընկերության «Ռէվոլյուցիա» հաղորդման հյուրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է, ով հարցազրույցի ընթացքում մի շարք կարևոր թեմաների անդրադարձավ։
Խոսելով եռյակի ապագայի մասին՝ նա մի պատմություն հիշեց. «Ես, Քոչարյան Անդրանիկը մի առիթով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զրուցում էինք, ու Տեր-Պետրոսյանն ասաց, որ երբևիցե, եթե իշխանության գա, առաջին մարդը, ում դատելու է, Վարդան Օսկանյանն է լինելու»։ Ապա Հայրապետյանն ավելացրեց, որ ամեն մեկն այստեղ իր խաղն է խաղում, ու քցելու են վերջում բոլորն իրար։
Անդրադառնալով վերջերս տեղի ունեցող քաղաքական ծեծերին՝ Հայրապետյանը նշեց, որ դա իշխանություններին պետք չէ. «Իշխանությունների դեմ խոսող մարդը վաղը ծեծ ա ուտում, պարզ չի՞, որ կասկածը միանգամից ընկնում է իշխանությունների վրա, թե՞ բոլորին թվում է, որ իշխանություններում խելոք մարդ չկա, ամենախելոքը հենց իրենք են։ Դա իշխանությունների ինչի՞ն է պետք»։
Զրույցի ընթացքում նախագահական ընտրություններին ևս անդրադարձ եղավ, և պարզ դարձավ, որ իր ընկեր Սամվել Ալեքսանյանի նման նա նույնպես պատրաստվում է իր թեկնածությունը դնել ընտրություններին։ «Գագիկ Ծառուկյանն ասաց, որ 5 թեկնածու ունի, կարող է՝ մեկն էլ ես եմ, ինչի՞ չէ։ Մեր տեսակը կարող է փորձանք դառնալ էս երկրի գլխին։ Երբ փողն է սկսում դեր խաղալ նախագահ դառնալու մեջ, դա արդեն խնդիր է, որը վտանգավոր է մեր երկրի ու հասարակության համար»։
