Ռուս-թուրքական լարվածությունից ՀՀ-ն չի կարող չեզոք մնալ
Մեր շուրջ տեղի ունեցող իրադարձություններից չեզոք մնալ անխուսափելի է, գործընթացները կամ մեր դեմ են, կամ հօգուտ մեզ. նման համոզման է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Ռուս-թուրքական լարված հարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի վրա, բավական լավ արտաքին աշխարհաքաղաքական հնարավորություն է, բայց՝ ներքին ծանր վիճակ, հատկապես՝ տնտեսական առումով: Դրա համար, ցավոք, ներքին թուլությունը թույլ չի տալիս օգտագործել արտաքին հնարավորությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ Պապյանի՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը մեր գործունեության համար ՌԴ-ում մեծ հնարավորություն է ստեղծում՝ գոնե հնչեցնելու մեր խնդիրները, մեր տեսակետը: «Բնականաբար, սա անդրադառնում է նաև ԼՂՀ հակամարտության վրա, «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը նաև Ալիևն է հնչեցրել և, կարծում եմ՝ դրանով է պայմանավորված մեր ՊՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականությունը, այն է՝ սպասողական, պաշտպանական քաղաքականությունից անցնել զսպման և ինչ-որ տեղ նաև պատժելու քաղաքականությանը»,- ասաց նա:
