Ռուս-թուրքական նոր պատերա՞զմ
lragir.am-ը գրում է.Թուրքիան պաշտոնապես հաստատել է, որ Սիրիայի հետ սահմանին խփել է ռուսական օդուժին պատկանող ռազմական օդանավ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ խփվել է ռուսական Սու-24 օդանավ: Թուրքիան հայտարարել է, որ օդանավը խփվել է Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ասում է, որ օդանավը թռչել է բացառապես Սիրիայի տարածքի վրայով: Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, բայց տեղի ունեցած միջադեպն ինքնին հավասարազոր է պատերազմական ակցիայի:
Փաստացի, խփելով ռուսական օդանավը, Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Ամենեւին պարտադիր չէ, որ այդ պատերազմն ունենա լայնամասշաբ ռազմական բախման տեսք: Պատերազմը կարող է ունենալ բազում այլ դրսեւորումներ:
Բոլոր դեպքերում, այդ բավական վտանգավոր զարգացման առաջին գծում հայտնվում է Հայաստանը: Ընդ որում, դա արդեն իսկ ունեցել է դրսեւորում, երբ ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-4-ին ռուսական ռազմական օդանավերը խախտել էին Թուրքիայի օդային տարածքը, ընդամենը մեկ օր անց թուրքական ռազմական ուղղաթիռները՝ հոկտեմբերի 5-ին, նաեւ 6-ին խախտել էին Հայաստանի օդային տարածքը: Այդպիսով Անկարան ցույց էր տվել, թե ինչ ուղղությամբ կպատասխանի Ռուսաստանին՝ ընդհանուր սահմանի բացակայության դեպքում:
Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն ունի նաեւ ավիացիոն բաղադրիչ՝ Էրեբունի օդանավակայանում տեղակայված են ռուսական կործանիչներ: Ռուս-թուրքական ռազմա-քաղաքական լարումը կնշանակի, որ Հայաստանն անմիջականորեն դառնում է այդ լարման օբյեկտ, առաջնագիծ: Ավելորդ է նկարագրել այդ ամենի վտանգավորությունն ու անցանկալիությունը: Ավելին, իրադարձությունները կարող են զարգանալ ուղղակի աղետալի սցենարով, եթե հակամարտությունը Թուրքիա-Ռուսաստան ֆորմատից վերաճի արդեն ՆԱՏՕ-Ռուսաստան կամ ՆԱՏՕ-ՀԱՊԿ ֆորմատի:
մանրամասն՝ այստեղ:
