Ռուսական դաշնային հեռուստաալիքները չեն լուսաբանել երեխայի աղմկահարույց սպանությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աջակցում է ռուսական հեռուստաալիքների որոշումը նորություններում չպատմել Մոսկվայում դայակի կողմից 4-ամյա աղջնակի դաժան սպանության մասին: Այս մասին նա ասել է ՌԲԿ կայքին տված հարցազրույցում, հաղորդում է Meduza լրատվական կայքը:
Մեկնաբանելով տեղեկությունները, թե իբր իշխանությունները խորհուրդ են տվել հեռուստաընկերություններին ոչ մի բան չպատմել աղմկահարույց պատմության մասին, Պեսկովը հայտարարել է. «Դա այդպես չէ: Դա հեռուստաընկերությունների որոշումն է եղել ցույց չտալ խելագարներին: Եվ մենք նրանց աջակցում ենք »:
Ըստ ՌԲԿ հեռուստաընկերությանը, ռուսական Առաջին ալիքի, «Ռոսիայի-1»-ի, ՆՏՎ-ի և ՏՎՑ հեռուստաընկերությունների նորություններում այդ հանցագործության մասին որև է հիշատակում չի եղել: Ռեն-ՏՎ հեռուստաընկերությունը պատմել է այդ հանցագործության մասին միայն 12:30 թողարկման մեջ:
Տարբեր դաշնային հեռուստաընկերությունների աշխատակիցներ ՌԲԿ –ին պատմել են, որ խոշոր հեռարձակող ընկերություններին խորհուրդ տրվել ցույց չտալ եթերում երեխայի հանցագործության մասին նյութեր:
Հիշեցնենք, երեկ առավոտյան Մոսկվայում ազգությամբ ուզբեկ դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովան գլխատել է 4-ամյա Նաստյային, ինչից հետո վառելիք է լցրել տնով մեկ ու հրկիզել այն: Այնուհետ հիջաբ հագած կինը, երեխայի գլուխը ձեռքին, ուղևորվել է «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ: Այնտեղ նրան է մոտեցել մի ոստիկան` պահանջելով ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Ի պատասխան` կինը պայուսակից հանել է երեխայի գլուխն ու սպառնացել պայթեցնել ինքն իրեն:
Դայակը հարցաքննության ժամանակ ասել է, որ նման քայլի է դիմել ամուսնու դավաճանության պատճառով: Սակայն թե ինչ կապ ունի իր ամուսնու դավաճանությունը փոքրիկի ընտանիքի հետ, կինը չի կարողացել բացատրել:
