Ռուսական միջուկային նոր զենքը Երրորդ Համաշխարհային պատերազմում հաղթանակ կբերի.
Ռուսաստանում համոզված են, որ եթե սկսվի 3-րդ համաշխարհային պատերազմը, ապա կհաղթի հենց Մոսկվան շնորհիվ իր միջուկային զենքի,- գրում է Forbes ամերիկյան հրատարակչության վերլուծաբան Ջեյմս Կոնկան:
«Միջուկային զենքի նոր շարք, նոր ագրեսիվ դիրքորոշում ու հերթական մերժումն ԱՄՆ-ի հետ համատեղ միջուկային ծրագրերին մասնակցելու հարցում՝ այս ամենը վկայում է ՌԴ հուսահատեցնող մտածողության վեկտորի մասին»,- կարծում է հեղինակը:
Ամերիկացիներն, ի տարբերություն ռուսների, կարճ հիշողություն ունեն,- գրում է նա: «Բեռլինի պատի անկումից անցել է ընդամենը 25 տարի, սակայն ՌԴ պատկերացմամբ սառը պատերազմը դեռևս չի ավարտվել,- ասվում է հոդվածում:- Եթե Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դեռևս չի հնչում որպես ահազանգ, հնարավոր է ահազանգ կդառնա ռազմավարական միջուկային զենքի նոր սերունդը»:
«Այստեղ՝ Ամերիկայում, մենք ինքներս մեզ հիմարացնում էինք՝ մտածելով, թե չափազանց շատ ենք գերազանցում Ռուսաստանին ու մնացած բոլորին այն հարցերում, որոնք վերաբերում են տեխնոլոգիաներին ու զենքին»,- շարունակում է հեղինակը: Վերջինս կարծում է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն անօդաչուներով ու կիբեր պատերազմներով տարվածության պատճառով քիչ ուշադրություն է դարձնում միջուկային զենքին:
