«Ռուսական տանկերը կուտակվում են սահմանին, Պուտինն ամբողջ երկիրն է ուզում». Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախազգուշացրել է, որ ռուսական տանկերը կուտակվում են սահմանի մոտ: Նա ասել է, որ ապացույցներ ունի առ այն, որ ռուսական տանկերը գտնվում են Ուկրաինայի սահմանից 18 կմ հեռավորության վրա: «Մեր սահմանից 18 կմ հեռավորության վրա տանկային կայան կա: Այնտեղ են պահեստավորված նրանց զենք-զինամթերքը, հրթիռների արձակման համալիրները: Պետք է պատրաստ լինենք երկիրս պաշտպանելուն»,-Sky News-ի հետ զրույցում ասել է Պորոշենկոն: Նա հավելել է, որ եթե ամբողջ աշխարհը չի վստահում Պուտինին, ապա Ուկրաինան միանշանակ նրան վստահելու պատճառ չունի: Մինչդեռ գերմանական հեղինակավոր Bild պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ «Պուտինը ցանկանում է վերականգնել հին ռուսական կայսրությունը»: «Նա ցանկանում է Ղրիմը, Դոնբասը, ամբողջ երկիրը: Նա իրեն դիտարկում է որպես ռուսական ցար, իսկ նրա կայսրությունը չի կարող լինել առանց Ուկրաինայի: Նա մեր երկրին վերաբերվում է որպես գաղութ»,-ասել է Ուկրաինայի ղեկավարը: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պորոշենկոյի քայլերն ու հայտարարությունները մի նպատակ են հետապնդում. Ուկրաինայում մոտեցող ընտրություններին ընդառաջ սրել Ռուսաստանի հետ լարվածությունը: