«Ռուսաստանն անում է մի բան, որը նախկինում չէր արել»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այս օրերին Հայաստան կատարած այցելության և նրա այսօրվա ասուլիսի մասին «Ա1+»-ը զրուցեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ: Վերջինս նշեց.
«Ցավում եմ, բայց Ռուսաստանը շարունակում է խնայել և իր հովանու տակ վերցնել Ալիևին: Շատ կարևոր բաների մասին չխոսվեց թե այսօրվա ասուլիսի և թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ՝ այդպես էլ չնշվեց, թե ով է հարձակվել Արցախի վրա, իսկ դա վերին աստիճանի կարևոր հանգամանք է: Եթե Ռուսաստանը խուսափում է տալ հստակ անունը, ապա դա պրոբլեմ է:
Նոյեմբերի 24-ին մեկ ռուսական ինքնաթիռ խոցվեց Թուրքիայի կողմից և մինչ օրս Ռուսաստանը շարունակում է Անկարայից ներողություն պահանջել, հանցագործ է համարում նրան, հանցագործություն է համարում կատարվածը, բայց նույն բանը չի անում Ադրբեջանի նկատմամաբ, որը բացահայտ լայնածավալ ռազմական գործողություն է իրականացրել Հայաստանի դեմ»:
Այս համատեքստում քաղաքագետը նաև ընդգծեց, որ Սերգեյ Լավրովը մի շարք գործոնների ճնշման տակ, ուղղակի ստիպված է արդեն համաձայնել շփման գծում միջադեպերի հետաքննության և դիտարկման մեխանիզմի ստեղծմանը: Պարոն Սաֆարյանի խոսքերով՝ որքան էլ Ռուսաստանը փորձեց օգոստոսյան պատերազմները օգտագործել ՌԴ նախագահի հովանու ներքո՝ երկկողմ բանակցություններ հաստատելու համար, այդուհանդերձ, Լավրովը, թե ասուլիսի ժամանակ և թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ստիպված էր խոսել արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորման մասին:
«Բայց տեսեք խնդիր կա՝ Երևանը ակնարկում է, որ այլևս չի պատրաստվում բանակցություններ վարել Ադրբեջանի հետ և չի պատրաստվում դիտարկել փոխզիջումների տարբերակներ, քանի դեռ պաշտոնական Երևանին հետաքրքրող հարցերի պատասխանները տրված չեն»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ Լավրովի այցի նպատակն այն էր, որ ցույց տրվի, որ այս պահի դրությամբ այն ինչ կարող էր Մոսկվան վաճառել Ադրբեջանի վրա, դա այն է, որ Ռուսաստանը Ադրբեջանին չասաց, որ նա հանցագործ է: Այստեղ քաղաքագետը նաև հավելեց.
«Սրանով Ռուսաստանը լավություն է անում Ալիևին, որ հանկարծ միջազգային դատարանում հայտնվելու խնդիր չառաջանա: Իսկ ասուլիսի մեսիջները հետևյալն էին՝ որքան էլ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանին, չեմ կարծում, որ նրան դուր են եկել պատերազմից հետո Ադրբեջանի նախագահի արած քայլերը, մասնավորապես՝ առաջին իսլամական համագործակցության կազմակերպության կոնֆերանսին մասնակցելը, որի ուղղվածությունը, բնականաբար, հակառուսական էր, ինչպես նաև Ալիևը հանդիպել էր Ղրիմի թաթարների առաջնորդի հետ, որը նույնպես Ռուսաստանի հակառակորդն է: Պատահական չէ, որ մի կողմից, որքան էլ որ մենք տեսնում ենք Սերգեյ Լավրովի Ադրբեջանին խնայելու փորձերը, բայց մյուս կողմից էլ Ռուսաստանը կարծեք թե ասում է, որ այժմ նա իր վրա չի վերցնելու Ադրբեջանին հողեր վերադարձնելու խնդիրը, այլ այդ խնդիրները կքննարկվեն Մինսկի խմբի շրջանակներում: Դրա համար էլ խոսում են Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ վարելու և միջադեպերի հետաքննության և դիտարկման մեխանիզմի ստեղծման մասին:Սա մի բան է, որ Ռուսաստանը նախկինում չէր անում, այլ հակառակը՝ փորձում էր իրենց ձեռքը վերցնել պրոցեսը և հայերի հաշվին լավություն անել Ադրբեջանին»:
