Ռուսաստանցիները` ԼՂ հակամարտության մասին. 6%-ը սատարում է Երևանին, 1%-ը` Բաքվին
Ռուսաստանցիների երեք քառորդը այս կամ այն չափով իրազեկված է այն մասին, որ ապրիլի սկզբին բազմամյա հրադադարից հետ վերսկսվել է զինված հակամարտությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, հայտնում է «Հասարակական կարծիքը»: Հարցման մասնակիցների 52%-ը կարծում է, որ Մոսկվան չպետք է սատարի կողմերից ոչ մեկին:
Հակամարտության մասին առաջին անգամ է լսել հարցման մասնակիցների միայն 23%-ը: Հարցումն անցկացվել է ապրիլի 9-10-ը 1500 մասնակիցների շրջանում ՌԴ 53 սուբյեկտի 104 բնակավայրում:
Անդրադառնալով այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը` հարցվածների 6%-ը կողմ է արտահայտվել Հայաստանին աջակցելուն, 1%-ը` Ադրբեջանին: Դժվարացել է պատասխանել հարցվածների 23%-ը:
Ըստ հարցման արդյունքների, մասնակիցների 40%-ը համարում է, որ Ռուսաստանը պետք է անի իրենից կախված ամեն բան կասեցնելու համար հակամարտությունը: Միևնույն ժամանակ 30%-ը վստահ է, որ Ռուսաստանը չպետք է մեծ ակտիվություն ցուցաբերի այս հարցում: Յուրաքանչյուր տասներորդը` 11 տոկոսը, դժվարացել է պատասխանել, հայտնում է Ինտերֆաքսը:
