Ռուսաստանը դեռ պատրաստ չէ Իրանին մատակարարել С-300 զենիթահրթիռային համալիրներ. Պեսկով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհգհանիհետ և քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցը։
Պեսկովը սակայն չի հայտնել, թե արդյոք Պուտինն ու Դեհգհանը քննարկե՞լ են Իրանին ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը, ինչը որոշակի տվյալներով պետք է սկսվեր փետրվարի 18-ին, և որ այդ արարողակարգին պետք է մասնակցեր Դեհգհանը։
Պեսկովը միայն հայտնել է, որ դեռ վաղ է խոսել այդ զենիթահրթիռային համալիրներն Իրանին մատակարարելու մասին ստույգ ժամկետների մասին. «Նման ժամկետներ դեռ չկան, որովհետև այնտեղ կան խնդիրներ՝ կապված վճարման հետ և այլն։ Այնտեղ գործարքի համար դեռ վճարում արված չէ անհրաժեշտ ձևով, դրա համար էլ կոնկրետ ժամկետների մասին խոսելը վաղաժամ է»։
2015 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր, որ Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կմեկնարկի 2016 թվականի հունվարին։ Պուտինը դրանց մատակարարման վրա դրված բեռնարգելքը վերացրել էր 2015 թվականի ապրիլին։
