Սա մեր թաղն է, գնացեք Տավրոսի համար այլ տեղ ընտրեք. հերթական ռազբորկան ՀՀԿ-ականների միջև
ԱԺ ընտրությունների քարոզարշավի «կարմիր ժապավենը» կտրեցին հանրապետականները, նախընտրական հոգին արդեն «սավառնում է» վարչական շրջաններով և իրար դեմ հանում նույնիսկ նույն կուսակցության անդամներին:
Աջափնյակ վարչական շրջանի փոքրիկ Էստոնական փողոցն այսօր բազմամարդ էր, Հանրապետական կուսակցության էլ ավելի փոքրիկ գրասենյակի դիմաց հավաքված էին մի խումբ մարդիկ, որոնք էլ իրենց հերթին հսկվում էին ոստիկանների կողմից:
«Տավրոս Գևորգյանի շտաբն է այստեղ, մի ամիս է` չեն կարողանում շտաբը բացել, որովհետև Արման Սահակյանի ժողովուրդը վախեցնում են, ասում են՝ չեք բացի, իրավունք չունեք, այս թաղամասը, այս «տերիտորիան» Արման Սահակյանինն է».- ասաց ականատեսներից մեկը: Վերջինս պատմեց, որ Արման Սահակյանի կողմնակիցներն այսօր թույլ չեն տվել Տավրոս Գևորգյանի մարդկանց բացել ՀՀԿ փոքրիկ շտաբը, որի պատճառով էլ «ռազբորկա» է սկսվել, շատ մարդիկ են հավաքվել. «Կռիվ չի եղել, խոսակցություն է եղել: Երկուսն էլ հանրապետական են համ Արման Սահակյանը, համ Տավրոս Գևորգյանը, բայց այսպիսի անհարմար բաներ է լինում: Արման Սահակյանը այս շենքերի վերջում ունի շտաբ, ասում են՝ չէ, սա մեր թաղն է, իրավունք չունեք ու գնացեք Տավրոսի համար այլ տեղ ընտրեք, այստեղ Տավրոսի շտաբը չպետք է լինի: Ոստիկաններն էլ եկել էին, որ կռիվ չլինի, վեճ չլինի, մարդասպանությանը չհասնի».- պատմեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակվի իր անձը:
Այս պահին գրասենյակն անցել է Տավրոս Գևորգյանի կողմնակիցների «իշխանության» տակ: Մենք եղանք գրասենյակում, սակայն այնտեղ գտնվող անձինք պնդում էին, թե ոչինչ չի պատահել, ուղղակի հավաքվել են, իսկ թե ոստիկաններն ինչու են հսկում փողոցը՝ անպատասխան:
մանրամասները՝hraparak.am-ում:
