Սաակաշվիլին վատ աշխատանքի համար 21 պաշտոնյա է ազատել գործից
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին ոչ արդյունավետ աշխատանքի համար լիկվիդացրել է մարզային վարչակազմի երկու դեպարտամենտ, ազատելով աշխատանքից ավելի քան 20 պաշտոնյա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով «o1.ua» պարբերականը:
Խորհրդակցության ընթացքում Սաակաշվիլիին ներկայացրել են ներքին աուդիտի, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպարտամենտների զեկույցները: Առաջին դեպարտամենտում զեկուցվել է մեկ տարվա ընթացքում երեք ստուգումների մասին: Երկրորդ դեպարտամենտը իր զեկույցում որևէ կոռուպցիայի դեպք չի ներկայացրել:
Այդ բանից հետո Սաակաշվիլին հայտարարել է, որ պարբերաբար ստանում է բողոքներ քաղաքացիներից կաշառակերության վերաբերյալ: «Մարդիկ բողոքում են, որ տեղեկանքի համար պետք է վճարեն, արագացման համար՝ կրկնակի վճարել: Ներդրողները բողոքում են, որ գումար են կորզում ամեն թույլատվության համար, իսկ դուք «որոշ խախտումների» մասին եք խոսում: Մենք լուրջ խնդիրներ ունենք վարչական ծառայությունների հետ»,-ասել է Սաակաշվիլին:
