Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գործի է անցել...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալուց հետո Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ձեռնամուխ է եղել Սահմանադրության առաջին բաժինների նախագծի մշակման աշխատանքներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Սդ նախագահի խոսքով. Հանձնաժողովում կատարվել է աշխատանքի բաժանում տարբեր բաժինների նախապատրաստման վերաբերյալ: Համապատասխան պատասխանատուները դրանց վերաբերյալ նախագծի տարբերակը մշակում են, տրամադրում հանձնաժողովի անդամներին, այնուհետև հանձնաժողովն ընդհանուր քննարկում է կազմակերպում, արտահայտում իր նկատառումները, հավանություն տալիս կամ վերջնական դիրքորոշում արտահայտում: Բացի առաջին երեք բաժիններից՝ հանձնաժողովը մյուս բաժինների վերաբերյալ քննարկում չի կազմակերպել, և հանձնաժողովի որոշակի կարծիք չկա այդ բաժինների հետ կապված:
«Ինձ համար անհատապես երևի թե ամենապատասխանատու և ամենալուրջ բաժինները հենց այս բաժիններն են, որովհետև հայեցակարգում էլ մենք խնդիր էինք դրել, և ես էլ իմ ելույթների ժամանակ բազմիցս շեշտել եմ, որ գերագույն խնդիրն իրավունքի գերակայության երաշխավորումն է և մարդակենտրոն սահմանադրական մոդելի ձևավորումը: Այդ խնդիրների լուծումը գերազանցապես պայմանավորված է այս բաժինների լուծումներով, և չափազանց կարևոր խնդիր էր առաջադրվել՝ գտնել այնպիսի լուծումներ, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները լինեն երաշխավորված, ապահովված և ունենան պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ մասնավորապես հստակեցնելով դատական պաշտպանության ընթացակարգերը և կառուցակարգերը և որոշակիացնել սահմանափակումների վերաբերյալ բոլոր հիմնախնդիրները՝ թույլ չտալով հայեցողության մեծ հնարավորություն, որպեսզի այս սահմանափակումները ոչ միայն լինեն օրենքով, լինեն համաչափ, անխախտելի իրավունքի էության տեսանկյունից, այլ նաև այնպիսիք, որոնք հստակ լինեն, իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան լինեն և հնարավորություն տան այս իրավունքների առումով դատական պաշտպանությունն իրականացնել երաշխավորված, և գլխավորը՝ արդյունքում մենք կարողանանք ապահովել հիմնական իրավունքների անմիջական գործողությունը»,-մանրամասնեց ՍԴ նախագահը:
Նոնա Ադամյան
