Սահմանադրական բարեփոխումների մեխը կառավարական համակարգի փոփոխությունն է
Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումներն այսօր շարունակվեցին Արմավիր մարզի Այգեկ համայնքում, ուր բավականին ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացավ քննարկում՝ նվիրված Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ միասին այգեկցիներին հյուրընկալել էր նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով համայնքի ակտիվին ներկայացրեց Սահմանդրական բարեփոխումների փաթեթի հայեցակարգային դրույթները:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը, ի սկզբանե իր խոսքում նշեց, որ կառավարման համակարգի մոդելի փոփոխությունը համարում է սահմանադրական բարեփոխումների ամենակարեւոր դրույթը: Այս առումով հնչող հակասական կարծիքները, նա նորմալ է համարում եւ համոզված է, որ կառավարման մոդելի փոփոխությունը գլոբալ փոփոխություն է նշանակում ՀՀ կյանքում:

Խորհրդարանական կառավարման մոդելը չափազանց առաջադեմ եւ քաղաքակիրթ է, հավելեց հանրապետական պատգամավորը, ու նկատեց.«Դրանով մենք ե՛ւ կառավարության պատասխանատվությունն ենք բարձրացնում, ե՛ւ իրենց աշխատանքի նպատակաուղղվածությունը, ե՛ւ նաեւ զերծ ենք պահում հասարակությանը ցնցումներից»:
Ինչ վերաբերում է ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու դրույթին՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարը ընդգծեց.«Ես կարծում եմ, որ սա էլ շատ կարեւոր դրույթ է, եւ եթե մենք կարողանանք քաղաքական ուժերին պատրաստել 2017-ի ընտրություններին, եւ կարողանանք այնպես անել, որ իրականում հասարակությունը «Այո» ասի հանրաքվեին, ապա, ես կարծում եմ, որ գլոբալ առումով մեր համակարգը, իհարկե, ավելի առաջադեմ կդառնա»:
Գագիկ Մելիքյանի խոսքով այն տեսակետները, թե իբր սահմանադրական բարեփոխումներն անձնական նպատակներ են հետապնդում, ակնհայտ շահարկումներ են, որովհետեւ բազմիցս ասվել է, որ խոսքը համակարգային փոփոխություների մասին է, քանի որ սահմանադրական բարեփոխումների հիմքում դրված է երկրի հետագա զարգացումն ու կայունությունն ապահովելու խնդիրները։ ՀՀԿ ներկայացուցիչը նշեց .«Շատ կարեւորում, եւ գնահատում եմ նաեւ ազգային ինքնության պահպանմանը նպատակաուղղված ձեւակերպումները, խորհրդարանի վերահսկողական դերի մեծացումը, միաժամանակ ընդդիմությանը տրվող լրացուցիչ լիազորությունները, որ նույնպես ժողովրդավարացման գործընթացին համահունչ ձեւակերպումներ են: Սահմանադրության հրապարակված դրույթները հստակ ձևով ձևակերպում են այն մոտեցումները, որոնք պետք է փոխվեն, այսինքն՝ որոնք վերաբերում են ԱԺ-ին, կառավարությանը, նախագահի ինստիտուտին և դատական ատյաններին, որովհետև հիմնական փոփոխությունները վերաբերում են հենց սրանց: Խորհրդարանական համակարգը մի մոդել է, որը շատ եվրոպական երկրներում է գործում»։

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ, ով իր հայրենի Այգեկ համայնքում համախոհների ու իր խոսքին ու գործին հավատացողների մեծ բանակ ուներ, այգեկցիների հետ հանդիպման ժամանակ ասաց հետեւյալը. «Ժողովուրդ ջան, դուք ինձ գիտեք, ՀՀԿ-ի ծրագրերի ու անելիքների մասին նույնպես լավ քաջատեղյակ եք, եւ ես վստահ եմ, որ դեկտեմբերի 6-ին դուք ճիշտ ընտրություն կկտարեք, եւ «Այո» կասեք դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվերին: Իմ դռները Ձեզ համար միշտ բաց են, ես միշտ Ձեր կողքին եմ, հասանելի եմ, ու ամենակարեւորը որ երբեք էլ ցանկություն չեմ ունեցել հեռու կանգնել իմ ժողովրդից, նրա խնդիրներից ու հոգսերից: Ես ինձ ամուր ու վստահ եմ զգում ձեզանով»:

Հանդիպման մասնակիցներն էլ իրենց հերթին ակտիվ հարցադրումներ արեցին ներկա պատգամավորներին եւ ստանալով իրենց հետաքրքրող հարցերի լիարժեք պատասխանները անկեղծացան. «Մենք կարեւորում ու մեզ արժեվորված ենք զգում, որ դուք այսօր եկել մեզ իրազեկում եք, թե ինչ է իրենից ներկայացնում սահմանադրական բարեփոխում ասվածը, ինչ կարող է այն փոխել շարքային քաղաքացու կյանքում, եւ որ ամենագլխավորն է, ինչքանով է նոր Սահմանադրությունը միտված Հայաստանում ժողովրդավարական ավանդույթները ամրապնդելու գործին»:

Հանդիպման վերջում, այգեկցիները պահը չկորցրեցին անկեղծանալու ու խոստովանելու, որ պատգամավոր Առաքել Մովսիսյանը իրականում լուրջ ու նպատակային ծրագրեր է իրականացրել Այգեկ համայնքում՝ նախաձեռնելով ու կյանքի կոչելով բազում սոցիալական ու հայրենասիրական ծրագրեր: Ինչպես նաեւ ջանք ու եռանդ չի խնայելու բարեկարգելու ու շենացնելու իր հայրնեի Այգեկը, ինչի համար այսօր նրանք գոհ ու շնորհակալ են նրանից:

