Սամվել Բաբայանի ձերբակալությունն անակնկալ էր․ Ալբերտ Բազեյան
ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալման լուրն անակնկալ էր ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի համար, որի հետ նա մտերիմ հարաբերություններ էր պահպանում վերջին շրջանում։ «Ձեզնից եմ լսում այդ մասին»,- արձագանքեց Ալբերտ Բազեյանը։
Հարցին, թե վերջին անգամ երբ է հանդիպել Սամվել Բաբայանին, քաղաքական ինչ հարցեր են քննարկել նրա հետ, Ալբերտ Բազեյանը պատասխանեց․ «Վերջին անգամ հանդիպել ենք մարտի 5-ին, իր ծննդյան օրը, փոքր միջավայրում, շնորհավորել ենք սեղանի շուրջ։ Քաղաքական թեմաներով չենք զրուցել այդ օրը»,- ասաց Ալբերտ Բազեյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցներում քննադատում էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, քննադատել էր նաեւ Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեն։ Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ: Այսօր «Հրապարակը» լուր ստացավ, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է: ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու դեպքով հարուցված գործի շրջանակներում երկու հոգի է ձերբակալվել: Նրանցից մեկն էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանն է:
