ՍԱՊԾ-ը խոշոր թունավորում չի գրանցել
2014թ. Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործնականում ոչ մի խոշոր թունավորում չի հայտնաբերել: Այդ մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողներին հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նկատել է, որ 2014թ. հանրապետությունում մեծ արձագանք գտած զանգվածային թունավորումները (դեկտեմբերին Եղվարդի մանկապարտեզի թունավորումը, սատկած խոզի մսի վաճառքը) հայտնաբերել է ոստիկանությունը:
Նրա խոսքով՝ ծառայությունը չեզոք է նաեւ ուղղակիորեն իրեն ուղղված ահազանգերի նկատմամբ: «Մենք իրականացրել ենք պաղպաղակի փաթեթների պիտակավորման հետազոտություններ, կազմել ենք 6 էջանոց նյութ եւ դրանք ուղարկել տեսչություն: Այնտեղից մեզ եկավ կես էջանոց պատասխան. Շնորհակալություն տվյալների համար, մենք դրանք հաշվի կառնենք հետագա ստուգումների ժամանակ: Ահա եւ վերջ», - հավելել է Պիպոյանը:
