Սարքել են պետական հանցագործ...
Ինչպես հայտնի է օրերս Գորիսի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս (պաշտոնական լիազորությունները չարաշահել) եւ 310-րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածներով: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանը, իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր եւ իր ընտանիքի անդամների անուններով: Ոսկանյանը, շահույթ ստանալու նպատակով հիմանդրել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը եւս իրականացրել են այդ ժամանակահատվածում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Ոսկանյանի հարազատները: Նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, սակայն, Fnews.am-ի հետ զրույցում ասաց, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները.
-Ես ինձ առաջադրված մեղադրանքի մեջ որեւէ ճմարտության տոկոս չեմ տեսնում, ես անմեղ մարդ եմ, ամեն դեպքում դատարանը կորոշի: Չգիտեմ թե ում է ձեռք տալիս ինձ մեղադրյալի կարգավիճակում տեսնելը, ում եմ վատություն արել չգիտեմ, սարքել են պետական հանցագործ:
-Այսինքն Ձեզ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ չե՞ք ընդունում:
-Ոչ, համաձայն չեմ: Համաձայն եմ, այո, կանխավարկածներ կարող են լինել, մարդիկ անփութություն ունենան կամ չէ, ում հետ չի լինում, բայց սարքել ինձ աշխարհի մեղավորը կարծում եմ ճիշտ չէ:
Ի դեպ. երեկ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նոնա Ադամյան
