«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանը իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով: Խիստ մտահոգիչ և տարակուսելի է, որ ՀՀ իրավապահպան մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունը ստուգելու և քաղաքացիների ու պետության նկատմամբ դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ: Ավելին՝ նրանք բացարձակ անգործություն ցուցաբերեցին նաև այն պարագայում, երբ Վիտալի Բալասանյանը ցուցադրաբար հրաժարվեց Մարտի 1-ի գործով ներկայանալ հարցաքննության, իսկ Ոստիկանապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած և Մարտի 1-ի գործով կարևոր տեղեկույթի տիրապետող Հայկ Հարությունյանը սպանվեց կամ ինքնասպանության հասցվեց: Անպատժելիության այս աննախադեպ վիճակից գոտեպնդված, Վիտալի Բալասանյանը երեկ՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին, Լայվնյուզ.ամ լրատվամիջոցին տված հերթական հարցազրույցում, դարձյալ փաստացի հանդես գալով 5-րդ շարասյան անունից, արդեն ուղիղ սպառնալիքներ հնչեցրեց պետական հեղաշրջման, ինչպես նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչներին և մեր կազմակերպության անդամներին ֆիզիկապես ոչնչացնելու վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավապահպան մարմիններն անգործության են մատնված, իշխանությունից պահանջում ենք ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք և իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարելու իրենց ուղիղ պարտականությունը և չեզոքացնել պետության անվտանգությանը և քաղաքացիների կյանքին ուղղված ռեալ սպառնալիքները: Այդ սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ և վանեցյաններ: Ուստի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև բոլորը միասին՝ որպես ազգային շահերի և մարդու դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված և գործող հանցավոր համագործակցություն, պետք է ժամ առաջ մեկուսացվեն և ենթարկվեն քրեական հետապնդման: |
|