ՍԴ. ԵՏՄ-ի պայմանագրին ՀՀ-ի միանալու մասին պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննության առավ Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների`ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը և հայտարարեց, որ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Այս մասին րոպեներ առաջ հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ շուրջ կես ժամ տևած որոշման հրապարակումից հետո:
ՍԴ նախագահը մասնավորապես ներկայացնում էր որոշման մեջ ամրագրված ՍԴ իրավական որոշումները՝ հայտնելով, որ որոշումն ամբողջությամբ բավական ծավալուն է և 40 էջից ավելի է:
Նշենք, որ ՍԴ որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո դահլիճում հնչեցին «ամոթ» և «да здравствует Советский Союз» բացականչությունները՝ դահլիճում ներկա սակավաթիվ ընդդիմախոսների կողմից:
Ի դեպ, նշենք, որ ՍԴ որոշման հրապարակման ողջ ընթացքում ՍԴ շենքի առջև և շենքում ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ ծառայություն էին իրականացնում, թեև ՍԴ շենքի առջև որևէ ցուցարար կամ բողոքի ակցիայի մասնակից չկար:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում:
