Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Իրանի սահմանին կունենանք ազատ տնտեսական գոտի. Կարեն Կարապետյան
Մոտ օրերս մենք կհաստատենք Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ունենալու նախագծի փաստաթղթերը: Այս մասին այսօր Դավթաշեն վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մոտ օրերս մենք նաև կառավարության նիստով կանցկացնենք ազատ տնտեսական գոտու փաստաթղթերը և կարծում եմ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին Իրանի սահմանի վրա կունենանք այդ ազատ տնտեսական գոտին»,- նշեց վարչապետը:
Նրա կարծիքով՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ամենահամալիր և բոլոր կարևորագույն հարցերին պատասխան տվող ծրագիր ՀՀԿ-ինն է: Կարապետյանի նշեց, որ գործադիրում աշխատելու 6 ամիսների ընթացքում շատ խորը և անկողմնակալ ախտորոշում են տրվել երկրի առջև ծառացած խնդիրներին:
«Մեր թիմը ռեալ գիտի երկիրը ոնց փոխել, մեր թիմը ռեալ համոզված է, որ այն կարելի է անել՝ անկախ նրանից, թե ինչքան նեղված ենք, թերահավատ ենք, և ինչպիսի շրջապատում ենք ապրում»,- հայտարարեց նա:
Վարչապետի խոսքով՝ առաջիկայում լուրջ համակարգային փոփոխություններ են նախատեսվում, և եթե այդ փոփոխություններին դիմադրություն ցուցաբերվի, տվյալ անձիք շատ կոշտ վերաբերմունքի կարժանան:
