Սեռական ոտնձգություն կին իրավապաշտպանի նկատմամբ
1in.am-ը գրում է. «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը ԴԱՀԿ ծառայակիցների գործողություններն իր նկատմամբ որակում է որպես սեռական ոտնձգություն: Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր դատական ակտերի հարկադիր կատարողների կողմից Մարինա Պողոսյանին «գրկած դուրս հանելու» գործով դատական նիստը:
«Եթե գործը քննող քննիչի և դատախազի համար նորմալ է, որ օտար տղամարդիկ կարող են գրկելով տեղափոխել իրենց կանանց, ապա ես դա դիտում եմ որպես սեռական ոտնձգություն: Թող դատարանը բացատրի, թե կանանց «նուրբ գրկելը» ինչ իրավական կատեգորիա է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա մարտի 17-ին Երևանի կենտրոնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բռնություն էին կիրառել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ: Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվել էր: Իրավապաշտպանը կարճման որոշումը բողոքարկում է դատարանում:
Պողոսյանի փաստաբան Արթուր Սուքիասյանն այսօր դատարանին ներկայացրեց ՀՔԾ-ում քննված քրեական գործում առկա բացթողումները: «Խախտվել են Մարինա Պողոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը, վնաս է հասցվել նրա արժանապատվությանն ու առողջությանը, հասցվել է մարմնական վնասվածք»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
