Սերբիայի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի նարկոբարոնին
Սերբ հայտնի նարկոբարոն Դրագոսլավ Կոսմայացը ձերբակալվել է: Իրավապահները նրա հետ ձերբակալել են նաեւ նրա յոթ կողմնակիցներին: Այս մասին տեղեկացնում է Russian Today-ը՝ վկայակոչելով Սերբիայի ՆԳ նախարար Նեբոյշ Ստեֆանովիչին:
Նախարարի խոսքով, քաղաքական կամքի շնորհիվ հաջողվեց ապացուցել, որ երկրում անձեռնմխելիներ չկան: Պաշտոնյան այս դեպքը նշանակությամբ եւ մասշտաբով համեմատել է Ալ Կապոնեի ձերբակալության հետ:
Իրավապահ մարմինները Կոսմայացին կասկածում են միջազգային նարկոմաֆիայի հետ կապերի մեջ, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի, որտեղից, ինչպես կարծում է հետաքննությունը, նա կազմակերպում էր կոկաինի մեծ խմբաքանակի մատակարարումները: Բացի այդ, նրան կասկածում են Թուրքիայից, Բուլղարիայից եւ Մակեդոնիայից Սերբիայի եւ Չեռնոգորիայի տարածքով մաքսանենգությամբ այդ թմրանյութի փոխադրումը դեպի Արեւմտյան Եվրոպայի երկրներ:
