Սերժ Սարգսյանն այս պահին մասնակցում է զոհված օդաչուների հոգեհանգստին
Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված) տեղի է ունենում Ադրբեջանի կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը: Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը, այս պահին Սուրբ Սարգիս եկեղեցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ եւ պաշտոնյաներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների հոգեհանգստյան կարգը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։
