Սերժ Սարգսյանի նոր գաղտնի ցուցակը
Lragir.am- ը գրում է .
Հրապարակ թերթը գրում է, որ իշխանության ներկայացուցիչները լրագրողներին պարբերաբար հարցնում են՝ կարո՞ղ է իմանաք` ովքեր են այն 20-30 հոգին, որոնց մասին Սերժ Սարգսյանը նշել է մի նեղ միջավայրում, թե «Նորք-Մարաշի ահաբեկիչները հանդիպել են երկու տասնյակից ավելի հայտնի դեմքերի հետ, որոնց նկատմամբ չգիտես ինչպես վարվես` «իմանալ-չհայտնելու մասով»:
Նորք Մարաշի զինված խմբի գործով ձերբակալվածների հստակ թիվը հայտնի չէ, նրանց մի մասն ազատ է արձակվել: Շատերն են կարծիք հայտնում, որ խմբի ղեկավարը ներդրված անձ է, ում հատուկ ծառայությունները հետեւել են եւ հիմա «հավաքում» են բոլոր նրանց, ում հետ նա հանդիպել է: Այսինքն, հանդիպել է նրանց հետ, որոնց «ցուցակը» տվել են:
Իշխանությունն, իր հերթին, ասում է, որ պետք է սպասել, եւ հանրությունն ամեն ինչում կհամոզվի:
Նկատելի է, որ այս գործը դարձել է ներիշխանական ներկայիս վերադասավորումների ու հարաբերությունների պարզաբանման արդյունավետ միջոց: Ավելի ճիշտ՝ լծակ: Ինչ ավարտ էլ այն ունենա, ինչ մեղադրանք էլ չլինի, համենայնդեպս մի հոդված կա ու կա՝ «իմանալ-չհայտնելը»:
Այս ֆոնին, ներքաղաքական կյանքում տեղի են ունենում հետաքրքիր, երբեմն սկանդալային իրադարձություններ, եւ Սերժ Սարգսյանը գրեթե առանց խոչընդոտների իրականացնում է իր ծրագրերը: Թե ինչ ծրագրեր են՝ կերեւա ապագայում:
Նկատելի է, որ Սերժ Սարգսյանը համենայնդեպս վերջին տարիներին «սակավախոս» է դարձել եւ իր ծրագրերի մասին տեղյակ չի պահում ոչ ոքի, անգամ իր մերձավոր շրջապատին: Նա ամենից լավ գիտե այդ մարդկանց բնույթը եւ այդ միջոցով, պահպանելով անակնկալի գործոնը, զսպում է ներքին հնարավոր դիմադրությունը, այդպիսով շահելով անհրաժեշտ ժամանակ եւ տարբեր խմբավորումներին մատնելով սպասման ռեժիմի ու փաստացի անգործության:
Նորք Մարաշի գործը բավական արդյունավետ լծակ է ներքին գործընթացներում: Օրինակ, Արա Աբրահամյանը կարծես թե հրաժարվեց իր քաղաքական հավակնություններից, համենայնդեպս լիովին անցավ Սերժ Սարգսյանի տրամադրության տակ:
Իսկապես հետաքրքիր է՝ ովքե՞ր են ընդգրկված Սերժ Սարգսյանի «20-30 հոգանոց հայտնի դեմքերի» ցուցակում: «Հայտնի դեմքերը» Հայաստանում սովորաբար քաղաքական լուրջ հավակնություններ ունեցողներն են:
