Սերժ Սարգսյանը՝ Երեւանի պետական համալսարանում
Այսօր Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի օրակարգում եղել է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի զեկուցմամբ` ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը: Նիստում Արամ Սիմոնյանը, որպես հավակնորդ, ներկայացրել է Մայր բուհի զարգացման իր ծրագիրը: Ներկայացված ծրագրի եւ ռեկտորի հավակնորդի վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ընթացակարգի համաձայն ձեւավորված հաշվիչ հանձնաժողովն այնուհետ ամփոփել է տեղի ունեցած քվեարկության արդյունքները:
Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը, ում թեկնածությանը կողմ են քվեարկել հոգաբարձուների խորհրդի 32 անդամից նիստին ներկա 30 անդամները:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին, մաղթել հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք՝ այն համոզմամբ, որ Երեւանի պետական համալսարանը եղել է եւ միշտ պետք է լինի որպես Մայր բուհ եւ առաջատար:
Նախագահը նշել է, որ Արամ Սիմոնյանի եւ նրա գործունեության վերաբերյալ խորհրդի անդամների ելույթներում հնչած գնահատանքի խոսքերը նորընտիր ռեկտորի համար պետք է լինեն պարտավորեցնող եւ անկախ նրանից, որ նրա ընտրության հարցում խորհրդի անդամները միակարծիք էին, դեռեւս շատ անելիքներ կան Երեւանի պետական համալսարանում: Նախագահի համոզմամբ, այդ անելիքները միշտ լինելու են, քանի որ չկա աշխարհի որեւէ բուհ, որեւէ հիմնարկություն կամ այլ հաստատություն, որտեղ ասեն, թե ամեն ինչ արել են եւ այլեւս անելիք չունեն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ անելիքները կարող են իրականություն դառնալ միայն մեծ եռանդի ներդրման եւ կառուցողական մթնոլորտի պայմաններում:
Օրակարգի այլ՝ ընթացիկ հարցերի թվում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել եւ որոշում է կայացրել «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետում դեղերի տեխնոլոգիայի եւ էկոնոմիկայի ամբիոնի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում չինարենի եւ չինական մշակույթի կենտրոնի, ինչպես նաեւ հիմնադրամի կազմում «Ուսանողական ծառայություններ» ընկերության ստեղծման մասին:
Խորհուրդը հաստատել է «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ին՝ որպես աուդիտ իրականացնող անձ, եւ սահմանել է աուդիտ իրականացնող անձի գործառույթները՝ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի 2015թ. համախմբված ֆինան-սական հաշվետվությունների աուդիտի իրականացում եւ անկախ աուդիտորական եզրակացության ներկայացում, ինչպես նաեւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի եկամուտների ու ծախսերի 2015թ. տարեկան նախահաշվի եւ դրա փոփոխությունների կատարողական հաշվետվության աուդիտի իրականացում եւ անկախ աուդիտորական եզրակացության ներկայացում:
Նիստում հաստատվել են նաեւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի սեփականություն հանդիսացող լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման, լուծարման եւ օտարման կարգը, ինչպես նաեւ հիմնադրամի 2014թ. գործունեության մասին հաշվետվության՝ «azdarar.am» պաշտոնական կայքում հրապարակվող կրճատ տարբերակը:
