Սերժ Սարգսյանը ԼՂ Ազգային ժողովում բարձրացրել է տարածքների փոխզիջման հարցը
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները համակարծիք են՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բայց 4-օրյա բախումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը դա չի ցանկանում։
Օրեր առաջ Լեռնային Ղարաբաղ այցելած Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել նաև ԼՂ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։ Քննարկմանը ներկա իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ Վարդգես Ուլուբաբյանը որոշ փակագծեր է բացում։ Պատգամավորի խոսքով՝ հանդիպման ընթացքում Սարգսյանը բարձրացրել է նաև տարածքների փոխզիջման հարցը։
«Այնպես եմ հասկացել, որ ինքը եկել ա մեր կարծիքը լսելու, մենք մեր կարծիքը ասել ենք։ Ինքը կարծիք չի հայտնել, ինքը մեզ էր ուզում լսի ու լսեց։ Ամեն դեպքում՝ էլի նոր բան չենք խոսել, ինչ-որ հայտնագործություններ չկար», - պատմեց Ուլուբաբյանը։
Իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքով, տարածքների հարցն ընդհանրապես կարող շոշափվել բացառապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Հակամարտության կարգավորման տարբերակի հարցում խմբակցությունները համակարծիք են՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։
«Ազատություն»
