Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման ժամանակ գաղտնի ձայնագրություն է արվել
Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողները հետաքրքրվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին հայտարարության մասին, որ ինքը չի ցանկանում ճանապարհ անցնել ինֆորմացիան դուրս տանող պատգամավորների հետ:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ այդ փակ հանդիպմանը եղել են ոչ միայն ՀՀԿ, այլ նաև այլ խմբակցությունների ղեկավարներ:
«Շատ ցավում եմ, որ ոչ միայն տեղեկություններ են դուրս եկել, այլ ձայնագրություններ են արվել, ինչն անթույլատրելի է պարզապես, և դրանից հետո պաշտպանության նախարարին խնդրել, որ մեզ հետ անկեղծ լինի... Բնականաբար, չի լինի: Երևույթը բավականին տհաճ է, առավել ևս, որ հարցը վերաբերում է Ղարաբաղին»,- ասաց նա:
«Չեմ կարծում, որ հատուկ վատ նպատակով է եղել, որ հասնի մեր թշնամուն և այլն»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:
