Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր», - ֆեյսբուքում գրել է Ա.Հովհաննիսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
