Շարժման հետ կապված, չգիտեմ՝ որքանով է շարժումը շարժում
Ակնհայտ է, մեր այլընտրանքա-ընդդիմադիրա-ոչիշխանական ուժերը հեռանկարի խնդիր ունեն. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որքանո՞վ են հիմնավոր ոչ իշխանականների այն տեսակետները, որ 12 կետերի վերանայմամբ իշխանությունները նպատակ ունեն մարել շարժումը:
«Շարժման հետ կապված, չգիտեմ՝ որքանով է շարժումը շարժում, որքանով կստացվի շարժել անշարժը, չգիտեմ, բայց ակնհայտ է՝ մեր այլընտրանքա-ընդդիմադիրա-ոչիշխանական ուժերը հեռանկարի խնդիր ունեն: Քաղաքական մշակույթի խնդիր կա, հասկանո՞ւմ եք, ակնհայտ է, որ պայքարը ժամկետ ունի, և այդ ժամկետը հերթական ընտրություններն են լինելու: Մնացած ամեն ինչ ինձ համար ավելի շատ իմիտացիա է հիշեցնում»,-ասաց նա և հավելեց, թե ՀՀԿ-ն այն կուսակցություններից է, ով արդյունքը գերադասում է:
Աշոտյանն հավելեց, որ Հայաստանի քաղաքական մշակույթում, ցավոք սրտի, չի արմատավորվում գործելաոճը, երբ համատեղ աշխատանքը չդիտարկվի որպես քաղաքական դիրքորոշման կապակցությամբ հետընթաց:
«Կարծում եմ, որ մեր որոշ քաղաքական ուժերը այս տեսակետից բարդույթավորված են՝ չհասկանալով, քաղաքակիրթ քաղաքական մշակույթը երբեմն պահանջում է համատեղ աշխատանք՝ քաղաքական տարաձայնություններ ունենալով հանդերձ:
Ի պատասխան դիտարկմանը, թե իշխանությունները 6 ամիս ժամանակ ունեին՝ լուծելու 12 կետերը, Արմեն Աշոտյանն ասաց, թե պետք է տարբերակել բանավոր արտաբերանքը հիմնավորումից. «Եթե մարդիկ ինչ-որ նախադասություններ կարողանում են շարադրել՝ ամենադաժան քննադատությամբ հանդերձ, դա դեռևս հիմնավորում չէ: Բարձրացված և ոչ մի հարց ակնթարթային լուծում չունի»:
Եթե մարդիկ ինչ-որ նախադասություններ կարողանում են շարադրել՝ ամենադաժան քննադատությամբ հանդերձ, դա դեռևս հիմնավորում չէ…
