Շարունակում եմ աղջիկներիս համար հեղինակություն մնալ
Fnews.am-ը շարունակում է ամփոփել տարվա ձեքբերումներն ու բացթողումները՝ լրագրողների աչքերով: Այս անգամ տարվա ձեռքբերումներն ու բացթողումները ամփոփել է PR մասնագետ Ծովինար Խաչատրյանը:
2015-ը հետաքրքիր տարի էր: Այն առանձնացավ հիմնականում կյանքի նուրբ դասերով: Գործնական առումով դժգոհություններ անցնող տարուն չեմ հայտնի: Դեռ շատ փոքրուց միշտ զարմանում էի տատիկիս աշխատանքային գրքույկի վրա: Այնտեղ ընդամենը 2 գրառում կար, այս թվականին ընդունվել ու դրանից 40 տարի հետո ազատվել է աշխատանքից: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նույն տեղում աշխատել այդքան երկար՝ դատարկ թողնելով գրքույկի մյուս էջերը,… Այս իմաստով շնորհակալություն հայտնեմ անցնող տարուն՝ աշխատանքային ոլորտիս կտրուկ փոփոխության համար: Գոհ եմ նաև, որ հնարավորություն ունեցա նոր բաներ սովորելու, մասնագիտական մի հետաքրքիր կուրս անցա ու մտածում եմ այն տեղայնացնելու և հետագայում ունկնդիր-ուսանողներին փոխանցելու մասին:
Անձնաընտանեկան կյանքում նույնպես տարին հաջող էր: Ամենակարևորն այն է, որ դեռևս շարունակում եմ աղջիկներիս համար հեղինակություն մնալ, թեև խոստովանեմ, որ Բարբին ու Մաշան դաժան և հզոր մրցակիցներ են…..
Շնորհավորում եմ գալիք տոների առթիվ, անակնկալներով լի տարի եմ մաղթում բոլորին:
