Շիրակի դատախազը՝ ռուս զինծառայողի բնակարան ներխուժելու մասին
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով նախօրեին Գյումրիի Անիի թաղամասում կեսգիշերին Երանոսյանների բնակարան ներխուժելու փորձ կատարած, 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Սերգեյ Վալերի Սուդնիկովի մասին, տեղեկացրեց, որ երիտասարդի մոտ որևէ զենք չի հայտնաբերվել: «Պայմանագրային զինծառայողը զինված չի եղել, երեկ նա բացատրություն է տվել ոստիկանությունում և վերադարձել է ծառայության: Կարող եմ ասել, որ բացատրության մեջ նշել է, որ այդ ամենը պատահականություն է եղել, ընդամենը բնակարանն է շփոթել, այլ նպատակներ չի ունեցել: Ըստ զինվորի հարակից շենքում` կրկին չորրորդ հարկում բնակվում է իր ծառայակից ընկերը: Գնացել էր նրանց տանը գիշերելու»,-ասաց Ասլանյանը: Քննչական կոմիտեից էլ տեղեկացրեցին, որ առայժմ քրեական գործ չի հարուցվել:
Հիշեցնենք, որ զինծառայողը փորձել էր ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարան: Տանտիրուհին պատմել էր, որ զինծառայողը եղել է հարբած, անդադար թակել է դուռը:
Դեպքի հետ կապված Fnews.am-ի թղթակիցը փորձեց հենց գյումերիցներից պարզել ինչ են նրանք մտածում դեպքի մասին: Գյումրիում շատերը այս դեպքը համեմատում էին Ավետսիայնների սպանության հետ: «Ըսիգ Ավետիսյանների սպանության շարունակությունն է, մենք դրա վրա վստահ ենք, հարբած է եղել ավելի վատ...Վախը սրտներումս ապրում ենք, հիմա էլ ավելի շատ ենք վախենալու, մենք չգիտենք ինչ պետք է անենք, որ էդ վախը անցնի մեր մեջից: 4 տարեկան երեխես վախից քարացել էր, նորից մանկապարտեզներում դպրոցներում հսկողությունն է սկսվում: Մենք չգիտենք ինչ պետք է անենք»,-ասաց գյումրեցի Սվետլաննա Հովհաննիսյանը:
