Շիրակում վթարի հետեւանքով մահացած Վանիկը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն էր
Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած, 20-ամյա Վանիկ Սարգսյանը ծանրամարտիկ էր, հանդես էր գալիս 94 կգ քաշային կարգում, երկու տարի առաջ հաղթել էր Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
