Շիրխանյանը առողջական խնդիրներ ունի
Վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը առողջական խնդիրներ ունի,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
«Առողջական խնդիրների պատճառով, Վահան Շիրխանյանը չի կարող գտնվել կալանավավայրում: Առաջին ատյանի դատարանում էլ ենք բարձրաձայնել, բայց դատարանը հաշվի չառավ եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը »,-ասաց նա: Փաստաբանը տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:«Հույս ունենք, որ այս անգամ դատարանը մեր միջնորդությունը կընդունի և նա ազատ կարձակվի»:
Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որը ձերբակալվել էր ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով, դեկտեմբերի 21-ին, դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Վահան Շիրխանյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
