«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 2015թվականի ընթացքում ավելի լարված է աշխատել 2014 թվականի համեմատ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապ բուժօգնություն» ՓԲ ընկերությունը 2015 թվականի ընթացքում ստացել է 238 216 կանչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Այս ցուցանիշը նախորդ տարիներից տարբերվում է 5,2 տոկոս աճով: 11 827 կանչ ավելի ենք կատարել, քան 2014 թվականին: 226 389 կանչ գրանցվել է 2014-ին: Մանկական կանչերի թիվը եղել է 25 030, ինչը 2014 թվականի համեմատ ավելի է 1507-ով»,-նշել է Թագուհի Ստեփանյանը:
Նա տեղեկացրել է, որ «Շտապ բուժօգնություն» ՓԲ ընկերությանը հիմնականում դիմել են սիրտ-անոթային, սուր-շնչառական հիվանդություններով ու տրավմաների դեպքերով:
«Աշխատում ենք, մտածում այն մասին, թե ինչպես համալրվենք, արագացնենք գործընթացները: Մենք միշտ պատրաստ ենք բնակչությանը մատուցել անհետաձգելի օգնություն, բայց նաև մարդիկ էլ պետք է հասկանան, թե ինչ պարագայում պետք է դիմել շտապօգնության»,-նշել է «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը:
Թագուհի Ստեփանյանը շեշտել է, որ բնակչությանը 34 մեքենա է սպասարկում, և կա 7 ենթակայան:
