«Շումախերական» ավտովթար Երևանում. BMW X5-ը Մյասնիկյան պողոտայում վերածվել է մետաղե ջարդոնի
Այսօր` օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում BMW X5 մակնիշի 50 ՕM 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց ընթանալիս` Նոր Նորքի կամրջի մոտ` Բուսաբանական այգու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին, և կողաշրջված վիճակում մոտ 15 մետր սահելով` հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները դուրս են բերել Երևան քաղաքի Թումանյան փողոցի 25 շենքի բնակիչ, 31-ամյա Սուրեն Ղարագյոզյանին, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտաօպգնության բրիգադը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Ս. Ղարագյոզյանի անձնագիրը և մի քանի փաստաթղթեր:
Հիվանդանոց մեկնած քննիչին բժիշկները հայտնել են, որ իրենց մոտ բերված Ս. Ղարագյոզյանը հայտնել է, որ ինքը իր կամքով դուրս է գալիս հիվանդանոցից և ցանկություն չունի մնալ այնտեղ: Նա նաև բժիշկներին հայտնել է, որ վթարի է ենթարկվել Մյասնիկյան պողոտայում` ավտովթարի հետևանքով:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ ավտոմեքենայից դուրս է բերվել նաև մի աղջիկ, սակայն մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը` նա հեռացել է:
մանրամասն՝ այստեղ :
