Շուշիում տեղի կունենա Գորգերի թանգարանի շնորհանդեսը
Շուշիի արվեստի կենտրոնում այսօր՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Գորգերի թանգարանի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։ Թանգարանը ստեղծվել է մասնավոր նախաձեռնությամբ` Վարդան Ասծատրյանի կողմից, ով ներկայումս զբաղեցնում է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնը: Թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում հյուսված 250-ից ավելի գորգեր, որոնք լավագույնս ներկայացնում են արցախյան գորգարվեստի առանձնահատկությունները: Թանգարանի ստեղծման նպատակն է մոռացությունից ու կործանումից փրկել արցախյան ավանդական գորգերն ու գործվածքները, մշտական ցուցադրության միջոցով ներկայացնել արցախյան գորգագործական մշակույթը` այդ կերպ նաև հակազդելով Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող հայկական մշակույթի յուրացման քաղաքականությանը: Շուշիի արվեստի կենտրոնը (ի սկզբանե` «Սարգսյանց» ցուցասրահ) հիմնադրվել է 2012թ. մոսկվայաբնակ բարերար Կարո Սարգսյանի կողմից: 2013թ. օգոստոսին շենքի առաջին հարկը անհատույց հատկացվել է արցախյան գորգերի և կենցաղային հին իրերի պահպանման ու ցուցադրման համար: Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված այս նախաձեռնությունը կարևորելով՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Գորգերի թանգարանի գործունեությանը: