Սիփանիկի գյուղապետը կալանավորվել է
Արարատի մարզի Սիփանիկ համայնքի ղեկավար, խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արայիկ Մանուկյանի գործով նախաքննությունն ավատվել է եւ գործն ուղարկվել դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության` Արայիկ Մանուկյանը Երեւանի բնակչուհի Գրետա Գեւորգյանին 9 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը վերջինիս վաճառելու համար 2014թ. հոկտեմբերին նրանից պահանջել է 5 մլն 500 հազար դրամ կաշառք: Պայմանավորվածություն ձեռք բերելով` Մանուկյանը նոյեմբերի 28-ին գյուղապետարանում կազմակերպել է ձեւական աճուրդ, որին մասնակցել են Գրետա Գեւորգյանը եւ վերջինիս կողմից հրավիրված անձը:
Աճուրդում առաջարկված հողատարածքի վաճառքի առավելագույն գինը կազմել է 1 մլն 632 հազար 500 դրամ, ինչը Գեւորգյանը պատրաստակամություն է հայտնել մուծել եւ հրաժարվել կաշառք տալուց: Արայիկ Մանուկյանը կայացված աճուրդը չեղյալ է հայտարարել:
Դրանից հետո, 2015թվականի մարտի 27-ին Գրետա Գեւորգյանը կրկին դիմել է գյուղապետարան` նշված 9 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը իրեն վաճառելու համար, ինչի դիմաց Արայիկ Մանուկյանն այդ անգամ եւս պահանջել ու անձամբ 2015թվականի ապրիլի 3-ին իր տանը նրանից ստացել է 5 մլն 200 հազար դրամ կաշառք եւ նույն պահին բռնվել ոստիկանության աշխատակիցների կողմից:
Սիփանիկի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական րենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:
Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
