Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ի կողմից խոշտանգվել է նաեւ երիտասարդ մի տղա
NEWSMEDIA.am-ը անդրադարձել էր Սիսիան ոստիկանապետի ԺՊ-ի կողմից դաժան ծեծի ենթարկված, խոշտանգված Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանի հետ կատարված միջադեպին: 64-ամյա Գառնիկ պապիկը NewsMedia.am-ի հետ զրույցում անձամբ էր պատմել, թե ինչպես է Սիսիանի ոստիկանապետի ժպ-ն եւ նրա աշխատակիցները իր իսկ սենյակում, դաժան ծեծի եւ բռնության ենթարկել՝ ստիպելով բնակարանային գողությունն իր վրա վերցնել։
Ի՞նչ ընթացքի մեջ է սույն գործի ընթացքը, կա՞ն գործով մեղադրյալներ փորձեցինք հետաքրքրվել Գառնիկ Սիմոնյանի եւ նույն ոստիկանության ժպ-ի կողմից ծեծի ենթարկված այլ անձանց շահերի պաշտպան, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼՈՒՍԻՆԵ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՑ, ով տեղեկացրեց.
-Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, որոնք առնչվում են Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար` Գարիկ Մուրադյանի հետ կապվող միջադեպերին։ Քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ինչպես նաև խոշտանգման հոդվածներով։
Ոստիկանապետի ԺՊ-ին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, բայց ժպ-ի կողմից խոշտանգման ենթարկված պապիկը արդեն իսկ ճանաչվել է տուժող:
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ ոստիկանապետի ժպ-ն դեռ որեւէ կարգավիճակ չի ստացել:
-Կարծում եմ շուտով նա եւս՝ կստանա հստակ կարգավիճակ: Այս պահին դեռ որոշ գործողություններ պետք է արվեն, որպեսզի հիմնավոր լինի մեղադրանքը, ապա նաեւ կառաջադրվի:
Ի դեպ, նույն ժպ-ի դեմ երրորդ քրեական գործն է հարուցվել, որը պապիկի հետ առհասարակ կապ չունի: Կրկին հարուցվել է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հոդվածով քր. գործ: Այսինքն ձեռագիը նույնն է, կրկին նմանատիպ միջոցներով՝ մեկ այլ քաղաղացու տարել ծեծել է, եւ ստիպել, որպեսզի գողությունը վերցնի իր վրա: Այս դեպքում ոստիկանապետի ժպ-ի կողմից խոշտանգվել է 1997թվականի ծնված երիտասարդ:
-Տիկին Զեյնալյան, սա Գառնիկ պապիկի հետ տեղի ունեցած դեպքից հետո է եղել, թե՞...
-Մինչեւ պապիկի հետ կատարված դեպքն է եղել: Քննիչները իհարկե կարճել էին գործը, սակայն մեր Դատախազություն բողոք ներկայացնելուց հետո՝ դատախազությունը վերացրել է քննիչների կայացրած կարճման որոշումը, եւ նոր քր. Գործ է հարուցել:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
