Սիսիանը կկառավարի նույն քաղաքապետը
Նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Aysor.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Այսպես, ըստ նախնական արդյունքների, Հանրապետական կուսակցությունից առաջադրված Արթուր Սարգսյանի օգտին քվեարկել է 10 457 ընտրող, իսկ ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանի օգտին՝ 1 922։ Վերջինը, հիշեցնենք, վերջին պահին հրաժարվել էր ընտրապայքարից։
Սիսիանում ընդհանուր առմամբ ընտրողների թիվը 23 213 է և ընտրություններին մասնակցել է 12 637 ընտրող։
Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, վերջերս հայտնի դարձավ, երբ տարածվեց տեսանյութ, որտեղ քաղաքապետարանի աշխատողները, նրա լուսանկարով վերնաշապիկներ հագած, տորթով ու փուչիկներով նշում էին նրա ծննդյան տոնը։
